Ինչ է հարկավոր իմանալ իրաքյան խոհանոցի մասին Հայաստանում։ Արա Քրիստո Անդերիաս

14/7/2018

Ապրիլին Երեւանում բացվեց «Բաբելոն» ռեստորանը։ «Բաբելոն»-ը Հայաստանում իրաքյան խոհանոցը ներկայացնող առաջին ռեստորանն է։ Այն իրաքյան ռեստորանների միջազգային ցանցի մաս է կազմում։ «Բաբելոն»-ի համահիմնադիր Արա Քրիստո Անդերիասը պատմեց մեզ իրաքյան խոհանոցի առանձնահատկությունների եւ նորաբաց ռեստորանի մասին։

 

Ինչո՞վ է «Բաբելոն» ռեստորանն առանձնահատուկ։

 

Արա. «Բաբելոն»-ը Երեւանում առաջին ռեստորանն է, որ մասնագիտացված է իրաքյան խոհանոցի մեջ։ Այն անկասկած առանձնանում է բոլոր արեւելյան խոհանոցներից։ Ի տարբերություն բազմաթիվ միջինարեւելյան ռեստորանների՝ մենք չենք առաջարկում արագ սնունդ։ «Բաբելոն» ռեստորանում մատուցվում են միայն տեղում մասնագիտորեն պատրաստված բարձրակարգ ուտեստներ։

 

Ինչո՞վ է առանձնահատուկ իրաքյան խոհանոցը։

 

Արա. Եթե հետ գնանք հազարավոր տարիներ եւ փնտրենք հին Միջագետքի պատմության արմատները, պարզ կտեսնենք, թե ինչպես էին բազում ազգեր հանդիպում Բաբելոնում։ Սրա պատճառը պատերազմներն էին, որոնց արդյունքում Բաբելոնը եւ հաղթողի դերում է եղել, եւ պարտվողի։

Ազգերի այս միախառնման շնորհիվ մարդիկ կրկնօրինակում էին հարեւանների մշակութային շերտերից շատերը՝ ներառյալ բույսերի մշակման եւ կերակուրների պատրաստման ավանդույթները։

Տիգրիսն ու Եփրատն այդ տարածքի ժողովուրդներին տվել են կյանքի գլխավոր աղբյուրը՝ Ջուր։ Այս բնական ռեսուրսի համար իրար դեմ են պայքարել շատ ու շատ ազգեր։ Ազգային մշակույթի զարգացման մեջ այս գետերի նշանակությունն ահռելի է։ Հողերի ոռոգումից բացի գետերն ապահովում էին Բաբելոնի սննդի գլխավոր բաղադրիչը՝ ձուկը։

Պարզ ասած՝ հին Բաբելոնը մարդկային քաղաքակրթության սկզբնակետերից է։ Ժամանակին այդ քաղաքը բոլոր հայտնի մշակույթների խաչմերուկն էր, որտեղ առեւտրականները, երաժիշտները, բանաստեղծները փոխանակվում էին գաղափարներով ու զարգացնում իրենց միտքը։

 

Ինչպե՞ս են մատուցվում կերակուրները։ Կա՞ արդյոք մատուցման ինչ-որ առանձնահատկություն իրաքյան մշակույթում։

 

Արա. Իրաքյան մշակույթի ամենանշանակալի հատկություններից մեկն առատաձեռնությունն է։ Իրաքյան ճաշկերույթը կերակուրների համտեսի բացառիկ արարողություն է, որը սկսվում է ոսպով ապուրով, տաք հացով եւ գույնզգույն տաք ու սառը ուտեստներով՝ պատրաստված թարմ մթերքից եւ բարձրակարգ մսից։

 

Իրաքյան խոհանոցը կապվա՞ծ է հնդկականի հետ։ Եթե այո, ինչպե՞ս։

 

Արա. Իրաքը եւ հատկապես Բաղդադ քաղաքը առեւտրային ու մշակութային կենտրոն են հանդիսացել դարեր շարունակ։ Արդյունքում առեւտրականները հնդկական համեմունքները ներմուծեցին իրաքյան խոհանոց։ Դա որոշակի չափով ազդեց իրաքյան խոհանոցի վրա՝ հաշվի առնելով արաբական խոհարարական առանձնահատկությունները, որ փոխանցվել են դարեր շարունակ։

 

Ուրիշ ո՞ր քաղաքներում են գործում «Բաբելոն»-ի ցանցի ռեստորանները։

 

Արա. Մասնաճյուղերը շատ են՝ Դուբայում (ԱՄԷ), Լոնդոնում (Միացյալ Թագավորություն), Տորոնտոյում (Կանադա), Կուալա Լումպուրում (Մալայզիա), Մուսկաթում (Օման), եւ այժմ արդեն Հայաստանում՝ Երեւանում։

 

Ինչպե՞ս եւ ինչո՞ւ որոշեցիք մտնել հայկական շուկա։

 

Արա.  Հայկական շուկայում արեւելյան խոհանոցը կենտրոնացած է սիրիական եւ լիբանանյան ռեստորաններում։ Հայրենադարձության արդյունքում շատ սփյուռքահայեր բացեցին այդ վայրերը, եւ այժմ շուկան կարիք ուներ նոր խոհանոցի, նոր գաղափարի։ Այս շեմը բաց էր մնացել՝ հաշվի առնելով հիմնադիրների ծագումն, իրենց ապրած երկրներում ձեռք բերված փորձը։ Այսպիսով, մենք որոշեցինք նոր մոտեցում ցույց տալ եւ ծանոթացնել Երեւանի բնակիչներին իրաքյան խոհանոցի հետ։

 

Ի՞նչ դժվարությունների եք հանդիպել Հայաստանում բիզնես սկսելիս։

 

Արա. Խնդիրները հիմնականում միջին բարդության էին եւ արագ լուծվեցին մեր երեւանյան գործընկերների օգնությամբ։ Մեզ պարզապես հիացրել էր սննդի մատակարորումը եւ առաջարկված գրեթե բոլոր բազագրիչների բարձր որակը։

 

Պատմեք մեզ բացման արարողության մասին։

 

Արա. Ռեստորանի բացման առիթով մենք մի գեղեցիկ միջոցառում էինք կազմակերպել ապրիլի 20-ին։ Տեղացի երաժիշտները մեր հյուրերի համար ավանդական իրաքյան երաժշտություն էին նվագում։ Բոլոր հյուրերը՝ հայ աստղերը ներառյալ, հնարավորություն ստացան փորձելու բացառիկ իրաքյան ուտեստներ։ Նրանց հայտնած գոհունակությունը շատ ոգեւորիչ էր մեզ համար, եւ մենք խոստացանք նույն բարձր մակարդակում պահել սննդի եւ հյուրընկալության որակը։

 

Ի՞նչ մթնոլորտ եք փորձել ստանալ ռեստորանում։ Ինչպե՞ս եք ընտրել հարդարանքը։ Արդյո՞ք օգտագործվել են իրաքյան կամ արաբական զարդանախշեր կամ բնորոշ տարրեր։

 

Արա. Միայն սննդի որակը բավարար չէ լիարժեք ճաշկերույթի համար։ Մարդն իր բոլոր զգայարաններով պետք է վերապրի միմյանց լրացնող զգացողություններ։ «Բաբելոն»-ում մենք համադրել ենք Իրաքի պատմական տարբեր շրջանների մշակութային տարրեր՝ հին Բաբելոնից մինչեւ իսլամական շրջանը։ Մեր ընտրած զարդանախշերն ու գունագեղ հարդարանքները ներկայացնում են ճարտարապետական հարուստ մշակույթը՝ ընդհուպ մինչեւ պոստմոդեռնի շրջան։   

 

Ի՞նչ տեսակ երաժշտություն է հնչում ռեստորանում։ Իրաքյան ավանդակա՞ն։ Կա՞ն արդյոք կենդանի երաժշտության ժամեր։

 

Արա. Ինչպես արդեն նշեցի, ռեստորանի մթնոլորը պետք է արտահայտվի բոլոր մարկդային զգայարանների մակարդակով։ Սա վերաբերում է նաեւ ֆոնային երաժշտությունը։ Արեւելյան գործիքների հնչյունները լրացնում են շլացնող հարդարանքը։ Արաբական ու իրաքյան երաժշտություն ունկնդրելով՝ այցելուն աստիճանաբար կընկղմվի այս մթնոլորտի մեջ ու կսկսի իր անձնական փորձառությունը, որը կավարտվի մեր հյուրասեր սպասարկմամբ ու կերակուրների համերը վայելելով։  

 

Պատմեք ձեր խոհարարների մասին։ Նրանք Իրաքի՞ց են։

 

Արա. Մեր խոհարարները տարբեր մշակույթներ են ներկայացնում։ Նրանք ձեռք ձեռքի տված աշխատում են, որպեսզի ստանան իրաքյան ուտեստների ճիշտ համը՝ անկախ նրանից, թե իրենցից յուրաքանչյուրը որ երկրից է։ Ամեն խոհարար ներդնում է իր մշակույթի բաղադրիչները իրաքյան կերակուր պատրաստելու մեծ փորձի մեջ։ Հարկավոր է նաեւ նշել, որ մենք ուշադիր հետեւում ենք աշխատանքի կառավարմանը՝ չհանդուրժելով ոչ մի շեղում բարձր չափանիշներից։ Այսպես ենք մեր հաճախորդներին մատուցում իրաքյան ուտեստների սքանչելի համը։