Բաբելոն. առասպելների ու լեգենդների քաղաք

14/6/2018

 

«Բաբելոն» ռեստորանը Երեւանում ներկայացնում է իրաքյան մշակույթի մի կարեւոր հատված։ Լավագույն ավանդական կերակուրները առաջարկելու հետ մեկտեղ ռեստորանը ստեղծել է մի կատարյալ միջավայր բոլոր նրանց համար, ովքեր ուզում են հայտնվել Բաբելոնում՝ առասպելների քաղաքում։

 

Իր դարավոր գոյության ընթացքում Բաբելոնի թագավորությունը համարվել է քաղաքակրթությունների խաչմերուկ։ Բազում մշակույթներ դարեր շարունակ ծաղկել են այն հողի վրա, որտեղ ժամանակին Բաբելոն քաղաք-պետությունն էր։ Այսօր այդ շրջաններում գլխավորապես տարածված է արաբական մշակույթը։ Բաբելոնյան քաղաքակրթության ժառանգության զգալի մասը այսօր հասել է Իրաքին։ Իսկ Իրաքի ժողովուրդն իր մշակույթի մեջ է կրում այդ անգնահատելի ավանդը։

 

Բաբելոնն աշխարհին տվել է անհամար պատմություններ, առասպելներ ու հեքիաթներ։ Այդ առասպելներից մեկը Բաբելոնի աշտարակի մասին է։ Ցանկացած մարդ գոնե մեկ անգամ լսել է այս աշտարակի մասին, որը կառուցել էին դրախտ հասնելու համար։ Ստացվում է՝ Բաբելոնն այնքան սքանչելի էր, որ շատերը համարել են այն դրախտին ամենամոտ վայրը երկրի վրա։

 

Աշտարակից բացի, կան շատ ուրիշ պատմություններ այդ քաղաքի մասին, որ հայերս լսում ենք դեռ մանկուց։ Մենք սովորում ենք Բաբելոնի հրաշագեղ կախովի այգիների մասին, բազում առասպելներ ենք լսում Շամիրամի՝ Բաբելոնի խորամանկ թագուհու մասին։ Այս ու շատ ուրիշ պատմությունների մասին մտածելով՝ հետաքրքիր է դառնում, թե ինչպիսի վայր էր Բաբելոնը, ինչ տեսք ուներ այն ու ինչպես էին մարդիկ զգում այնտեղ։

 

Բացելով մի հաստատություն, որը Բաբելոնի հավակնոտ անունն է կրում, մենք պարտավորվեցինք համապատասխան տեսք եւ կահավորում տալ ռեստորանին։ Մենք ուզում ենք, որ մեր հյուրերը մի քանի ժամով զգան իրենց ինչպես մի լեգենդար վայրում։

 

Կատարյալ մթնոլորտ՝ արաբական ձեւավորմամբ

 

Իրաքյան ռեստորան պատկերացնելիս առաջինը մեր մտքին է գալիս ավանդական արաբական ձեւավորումը։ Այն ներառում է հեքիաթային արեւելյան մթնոլորտի բոլոր բաղադրիչները՝ ընդարձակ տարածք, մեղմ գույներ, զանազան զարդանախշեր։ Իսկ որո՞նք են արաբական կերպարվեստի ամենահիշվող տարրերը։ Թերեւս, ութաթեւ աստղը ամենատարածվածներից է։ Այս խորհրդանիշն առաջին բաներից է, որ կնկատեք «Բաբելոն» մտնելիս։ Աստղային նախշերը զարդարում են պատերն ու առաստաղը՝ տեղափոխելով Ձեզ «Հազար ու մի գիշերվա» հեքիաթների աշխարհ։

 

Բարձր առաստաղները, ինչպես նաեւ արաբական սրածայր կամարներն ու արեւելյան զարդանախշերը սրահին տալիս են արքայական տեսք։ Այստեղ նստողը զգում է օդի ու ազատ տարածության առատություն։ Ընդարձակ պատուհաններից այնկողմ շողում է երեւանյան արեւը եւ երեւում են կանաչապատ այգին ու նրա անցորդները։

 

Մթնշաղից հետո «Բաբելոն»-ում մթնոլորտն ամբողջովին փոխվում է. ռեստորանում արեւի լույսին փոխարինելու է գալիս երեկոյան հանգիստ լուսավորությունը։ Սրահն այդ ժամին խորհրդավոր տեսք է ստանում, ասես հազարավոր անտեսանելի մոմեր են շողում։ Երբ նստում ես սեղանի շուրջ, զգում ես, որ այդ պահին աշխարհում ոչինչ չի կարող խաթարել հանգիստ երեկոն։

 

Բաբելոնը լավագույն վայրն է ընտանիքի հետ հանգիստ նստելու, համեղ կերակուրներ ճաշակելու ու անցկացրած օրվա մասին տպավորություններով կիսվելու համար։ Արեւելյան երաժշտության մեղմ հնչյունների ներքո կարելի է պարզապես մոռանալ ժամանակի գոյության մասին ու վայելել ակնթարթը։